Արմինֆո.ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե Ֆրանսիայում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին մարդու իրավունքների համար պայքարի կարևորությունը:
Դաշնային լրատվական գործակալությանը (FAN) մեկնաբանելով գազի և բենզինի գների բարձրացման դեմ Փարիզում ընթացող բողոքի ցույցերը` Ժիրինովսկին դրանք որակել է «ֆրանսիական նոր մեծ հեղափոխություն՚: ՌԼԴԿ առաջնորդը ողջունել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում: Նա շնորհավորել է հայերին եւ ֆրանսիացիներին, ընդգծելով, թե «Երեւանն ու Փարիզը ցույց տվեցին, որ նոր ժամանակներ են եկել»: Նա իր շնորհավորանքը հղել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստորագրման 70-ամյակի կապակցությամբ: Ժիրինովսկին ասել է, որ այդ երկրներում մարդիկ որեւէ մեկին այլեւս թույլ չեն տա նվաստացնել իրենց, անտեսել իրենց արդար պահանջները եւ անվերջ ավելացնել հարկերը: ՌԼԴԿ առաջնորդը նաև ողջունել է Հայաստանում խորհրդարանական կառավարման ձեւի անցումը, ինչի շնորհիվ Հայաստանը հզոր խթան է ստացել ժողովրդավարական զարգացման համար: