Արմինֆո. Հայաստանը ՀԱՊԿ-ում է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, սակայն կպահպանի հարաբերությունները դաշինքի հետ: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` նախօրեին օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին Հայաստան` լուսաբանելու խորհրդարանի արտահերթ ընտրությունները:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն առնչվում են խաղաղապահ առաքելություններին, այդ թվում` Կոսովոյում, Աֆղանստանում, նշելով, որ այդ համագործակցությունը կշարունակվի:
Անդրադառնալով ԱԺ ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականության գերակայություններին առնչվող հարցին` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը գործընկերային հարաբերություններ ունի թե Ռուսաստանի, թե Եվրամիության հետ, սակայն ոչ մեկի ազդեցության տակ չի լինելու: