Արմինֆո.Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարական առաջարկներով: Այս անգամ Բանկը հնարավորություն է ընձեռում ընդամենը հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: Այդ մասին տեղեկացնում է բանկի մամուլի ծառայութունը:
Համաձայն նոր առաջարկի` ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ Բանկի հաճախորդ առանց Բանկ այցելելու` անվճար բացելով ՍՄԱՐԹ հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ և օնլայն բանկինգ` առանց սպասարկման վճարի:
Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը նշել է. «Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրության վարքագիծը` մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաև բանկային ոլորտում` զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետե:
ՍՄԱՐԹ հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ վիդեոախցիկով ապահովված համակարգիչ:
Նշենք, որ Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են հանդիսանում` Ameria Group CY Ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited - 11.62%: