Արմինֆո. <Ուզում եմ նաև շնորհավորել վստահության անհրաժեշտ քվե ստացած ու պատգամավոր ընտրված բոլոր ընկերներիս։ Ուզում եմ բոլորի՛ս շնորհավորել, որ գոնե հանրապետականը առաջիկա տարիներին Ազգային ժողովում չի լինի ու չի թունավորի մեր քաղաքական կյանքը>,- ասվում է <Քաղաքացու որոշում> կուսակցության հայտարարության մեջ, որն ընտրություններում ստացել է 0,6% ձայն:
<Ցավով պետք է արձանագրել, որ նույն քաղաքական մտածողությունը, նույն արժեքային համակարգը դեռ պատկառելի ներկայացվածություն ունի թե՛ մեր քաղաքական դաշտում ընդհանրապես, թե՛ այս գումարման Ազգային ժողովում մասնավորապես։ Եվ մեր քաղաքական անելիքների մեջ հին քաղաքական մտածողությունն արմատախիլ անելը պետք ա առաջնահերթություն լինի>,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հավաստիացրել է, որ ընտրողի յուրաքանչյուր քվեն իր և իր թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունն իրենք անվերապահորեն իրացնելու են: <Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի>,- նշվում է հայտարարության մեջ: Նշենք, որ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ստացել է 8,7% ձայն:
Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը գտնում է, որ անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: <Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքը այսօր վերականգնվեց և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ իր ազատ կամքով քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին, վերաիմաստավորելով յուրաքանչյուր քվեն։ Իսկ սա անտարակույս Թավշյա հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է>,- նշվում է կուսակցության հայտարարության մեջ: