Արմինֆո. Կառավարող «Իմ քայլը՚ դաշինքի ռեյտինգային թեկնածուները նույնպես մեծ տարբերությամբ հաղթել են մյուս ուժերի ընդդիմախոսներին:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Սասուն Միքայելյանը` 31,739 ձայն, որն առաջադրված էր Կոտայքի մարզում: Նրան հետևում են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` 25,550 ձայն, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը` 24,172 ձայն, Գարիկ Սարգսյանը` 22604 ձայն: Ի դեպ, Արարատ Միրզոյանի համար հատկապես կարևոր է իր օգտին ձայների թիվը, քանի որ նա հավակնում է ԱԺ խոսնակի պաշտոնին, իսկ այդ առումով նրա մրցակից Ալեն Սիմոնյանի օգտին ստացվել է 21812 ձայն:
Ուշագրավ է, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների առաջին հնգյակը մի քանի անգամ զիջում է «Իմ քայլը՚ դաշինքի թեկնածուներին օգտին ստացված ձայներին: Մինչդեռ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում իրավիճակը ճիշտ հակառակն էր: Այսպես, ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առավելագույն ձայն ստացել է Վիգեն Սարգսյանը` 4087 ձայն, որի հետևում են Վահրամ Բաղդասարյանը` 2660 ձայն, Արթուր Նալբանդյանը` 2583, Արմեն Աշոտյանը` 2396, Արման Սահակյանը` 1961, Մուրադ Մուրադյանը` 1840, էդուարդ Շարմազանովը` 1663:
Ռեյտինգային ընտրակարգով շատ ցածր են նաև խորհրդարան անցած ԲՀԿ ցուցանիշները. ամենաշատ ձայն ստացել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը` 7472 ձայն, որի նկատմամբ վերջերս քրեական գործ էր հարուցվել մարդ ծեծելու համար: Նրան հետևում են Քաջիկ Գեւորգյանը` 3371 ձայն, Վարդան Ղուկասյանը` 3198 ձայն և Նաիրա Զոհրաբյանը` 2148 ձայն: Վահե Էնֆիաջյանի և Տիգրան Ուրիխանյանի օգտին ստացվել է 1000-ական ձայնից փոքր-ինչ ավելի: