Արմինֆո. «Ցեղասպանությունների կանխարգելումն ամենօրյա աշխատանք է մարդու իրավունքների ոլորտում՚, - հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը` Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին հղած տեսաուղերձում:
Նա հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրների կառավարությունները որոշեցին մեղավորներին պատասխանատվության ենթարկել, ինչը անդրադարձավ նաեւ Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիայի ընդունման վրա: Այդուհանդերձ, ինչպես նշել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, հետագա տասնամյակների ընթացքում չհաջողվեց ապահովել փաստաթղթի իրականացումը:
«Ցեղասպանությունները շարունակվում են, տեղի է ունենում մարդկանց կանխամտածված բնաջնջում, եւ այդ ամենը` համաշխարհային հանրության աչքի առաջ, իսկ մեղավորները մնում են անպատիժ»,- նշել է հանձնակատարը` ընդգծելով համապատասխան կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Հավելենք, որ դեկտեմբերի 9-11-ը Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին: