Արմինֆո. Երևանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել Մատենադարանում:
Ինչպես ֆորումի բացմանը նշել է արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Ռաֆայել Լեմկինի ջանքերի շնորհիվ ընդունվել է ՄԱԿ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, իսկ դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: «70 տարի առաջ փորձագետների մեծ խումբ հավաքվեց կարևոր փաստաթղուղթն ընդունելու համար, որն այժմ կարևորագույն միջազգային մեխանիզմ է՚, - նշել է դիվանագետը, հավելելով, որ հարկավոր էին երկու համաշխարհային պատերազմներ, որպեսզի ընդունվեին մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերը:
Զոհրաբ Մնացականյաը հիշեցրել է, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը միաձայն հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:
Այդուհանդերձ, այսօր էլ վերացված չէ ցեղասպանությունների կրկնման սպառնալիքը: Արագ փոփոխվող աշխարհում շարունակում են զարգանալ այնպիսի մարտահրավերները, ինչպես` անհանդուրժողականության, այլատյացության և ատելության տարածումը: Ինչպես նշել է Մնացականյանը, հենց այդ հարցերի լուծմանը պետք է նպատակաուղղված լինեն հիմնական քննարկումները` հանցագործության այդ տեսակի դեմ պայքարի զինանոցը համալրելու նպատակով:
Դեկտեմբերի 9-11-ը Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին: