Արմինֆո. Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն մեկ շաբաթ հետո: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Աղբյուրի համաձայն, այսօր կեսօրին ԿԸՀ կամփոփի նախնական վերջնական արդյունքները, որոնց հիման վրա կկազմվի արձանագրություն: Ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն, որը կուսակցությունների համար սահմանում է 5 տոկոս, իսկ դաշինքների համար` 7 տոկոս անցողիկ շեմ, նոր գումարման խորհրդարան անցել են «Իմ քայլը» դաշինքը` ձայների 70,43 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27 տոկոսը, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37 տոկոսը։
Նախորդ կառավարող կուսակցությունը` ՀՀԿ-ն, առաջին անգամ չի անցել Ազգային ժողով` ստանալով ձայների 4,70 տոկոսը: ԱԺ անցողիկ շեմը չեն հաղթահարել նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ 8 հազար 530 ձայն կամ ձայների 0, 68 տոկոսը, ՀՅԴ` 48 հազար 811 ձայն, կամ ձայների 3,89 տոկոսը, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 6 հազար 456 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 4 հազար 122 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինք՝ 25 հազար 174 ձայն, կամ ձայների 2,00 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12 հազար 389 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն՝ 22 հազար 862 ձայն, կամ ձայների 1,82 տոկոսը։