Արմինֆո.ՀՀ Ազգային Ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` 09.12.2018թ. ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 144 հաղորդում (Երևանում՝ 36, մարզերում՝ 108), որից 58-ը` հանցագործությունների մասին, իսկ 86-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, հանցագործության մասին 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 1-ը՝ դատախազություն, 1-ը՝ ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչություն,իսկ մնացած 49 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:
Ստուգման ենթակա թվով 86 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 4-ը վերագրանցվել և ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, 3-ն ուղարկվել է դատախազություն, իսկ 78-ով դեռևս կատարվում են ստուգումներ:
7 ահազանգ է ստացվել նաև ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությունով: Դրանցում պարունակվել են ինչպես առերևույթ հանցագործությունների, այնպես էլ ստուգման ենթակա այլ հաղորդումների մասին տեղեկություններ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան ստուգումներ կատարելու համար: Բացի այդ, «Թեժ գծով» ստացվել են նաև խորհրդատվություն պահանջող հարցադրումներ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Տեղեկացնեք նաև, որ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբին կից աշխատանքային խմբերի կողմից շարունակվելու են վերլուծական-տեղեկատվական աշխատանքները նաև հետընտրական ժամանակահատվածում ստացված հաղորդումներով, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն կտեղադրվի ՀՀ ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքում:
Նշենք, որ 89 ահազանգ է ստացել նաև ՀՀ Օմբուդսմենի գրասսենյակը: