Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունից պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ով առաջադրվել է Սյունիքի մարզում, ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է Սյունիքի բնակչներին՝ կոչ անելով չենթարկվել մարզպետ Հունան Պողոսյանի ցուցումներին և սպառնալիքներին, ով, նրա խոսքով, համայնքների ղեկավարներին ուղղորդում է քվեարկել <Իմ քայլը> դաշինքի օգտին:
Զոհրաբյանը դիմել է Պողոսյանին. <Դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա դուք փորձում եք արջի ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին: Ես վստահ եմ, որ վարչապետը չի հրահանգել ձեզ՝ լինել Հռոմի Պապից ավելի կաթոլիկ>: Նա կոչ է արել ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանին՝ հատուկ ուշադրություն դարձնել Սյունքի մարզպետին պահվածքին:
<Եթե մտածում եք, որ կարողանալու եք առավելագույն քվե ապահովելով՝ պահպանել ձեր աթոռը, սխալվում եք: Հույս ունեմ, որ այն, ինչ Սիսիանում ասաց Նիկոլ Փաշինյանը, որ որևէ ուղղորդված քվե իրեն պետք չէ, և որևէ մեկի մտքով չանցնի, որ ընտրողներին ուղղորդելով պահելու են իրենց աթոռը, ես ուզում եմ հավատալ, որ վարչապետն իրավացի է>,- նշել է նա: Զոհրաբյանը նշել է, որ <այն համայնքապետերին, ովքեր մարզպետից հրահանգներ են ստացել, իրենց պահում են գռեհիկ, սպառնում են համայնքի բնակիչներին, ուզում եմ ասել՝
ձեր ժամանակն անցնել է: Խորապես համոզված եմ, որ դրանով չեք պահպանի ձեր պաշտոնները: Քանի որ մեր երկրում անում ենք համակարգային փոփոխություններ, ապա բոլորդ պետք է հեռանաք: Դուք իրավունք չունեք պաշտոն զբաղեցնել, որովհետև չեք կարող ազատ մտածել: Ձեր ներսում նստած է ստրուկը>: