Արմինֆո.«Ես քվեարկել եմ արդար, ազատ եւ երջանիկ Հայաստանի օգտին», - դեկտեմբերի 9-ին լրագրողներին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ընտրատեղամասում քվեարկությունից հետո:
Նրա համոզմամբ, ժողովրդավարության էությունն այն է, որպեսզի հենց ընտրողները որոշեն, թե ով է լինելու գործադիր իշխանությունում կամ խորհրդարանում: Ընտրությունների արդյունքում պարզ կդառնա, թե ով է լինելու կառավարության հիմնական քաղաքական ընդդիմախոսը: Եթե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյնանի` վարչական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պնդումները հաստատվեն, ապա դրա համար մեղավորները կպատժվեն: Պատասխանելով այն հարցին, թե ինչու, այդ դեպքում, մարզպետներն ակտիվ մասնակցում են ընտրություններին, վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ օրենքը դա չի արգելում:
Անդրադառնալով կառավարության առաջիկա քայլերին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախարարների կաբինետի ծրագրում հստակ արձանագրված են դրույթներ, որոնք վերաբերում են հինգ տարում աղքատության հաղթահարմանը, մի շարք տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: «Եվ այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվել են կարեւոր եւ նշանակալի քայլեր», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Խոսելով խորհրդարանական կոալիցիա ձեւավորելու հնարավորության մասին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ եթե սոցիոլոգիական հարցումների տվյալները ճիշտ լինեն, ապա կոալիցիայի անհրաժեշտություն չի լինի:
Հայաստանում ընթանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում են 2 դաշինք և 9 կուսակցություն` «Իմ քայլը՚ և «Մենք՚ դաշինքները, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան՚, «Քաղաքացու որոշում՚, «Ազգային առաջընթաց՚, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ՚ և «Սասնա Ծռեր՚ կուսակցությունները: Խորհրդարան անցնելու համար դաշինքները պետք է հաղթահարեն 7 տոկոսի, իսկ կուսակցությունները` 5 տոկոսի շեմը: Եթե անցողիկ շեմը հաղթահարի միայն երկու քաղաքական ուժ, ապա երրորդ տեղն զբաղեցնող ընտրական մրցակիցն, անկախ քվեարկության արդյունքից, նույնպես կստանա մանդատներ, քանի որ ՀՀ սահմանդրությունը երաշխավորում է երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը բարձրագույն օրենսդիր մարմնում: