Արմինֆո. «Ես քվեարկել եմ Հայաստանի զարգացման օգտին, նորարարական, խելացի ծրագրերով երկիրը կառավարելու օգտին, աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին», - դեկտեմբերի 9-ին թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ առաջնորդը նաև նշել է, որ քվեարկության մեկնարկի պահից ի վեր ընտրախախտումների կամ խոչընդոտների վերաբերյալ ոչ մի ահազանգ չի ստացվել, և քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Նա մեր ժողովրդին մաղթել է արդար քվեարկություն, համոզմունք հայտնելով, որ ՕԵԿ-ը կանցնի խորհրդարան:
Այսօր Հայաստանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների թիվը կազմում է 2,575,939 մարդ: Ժամը 8: 00-ից ամբողջ երկրում բացվել է 2010 ընտրատեղամաս, քվեարկությունը կավարտվի ժամը 20: 00-ին Ընտրությունները դիտարկում են 8 միջազգային եւ 22 տեղական կազմակերպություններ: Տեղական ԶԼՄ-ներից բացի ընտրությունները կլուսաբանեն 32 արտասահմանյան լրատվամիջոցներ: