Արմինֆո. ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հույս է հայտնել, որ ընտրությունների ավարտին հայ հասարակությունը կդառնա ավելի միասնական:
«Հայաստանը, որն այսօր կանգնած է այսքան կարեւոր մարտահրավերների առջև, ուղղակի կարիք ունի ուժերի համախմբման: Ներքին թշնամու ձեւավորումը շատ վտանգավոր է մեզ համար», - ասել է նա լրագրողներին` Երեւանի կենտրոնում թիվ 9/47 ընտրատեղամասում քվեարկելուց հետո: Նա մեծ հույսեր է կապում այս խորհրդարանական ընտրությունների հետ: Վիգեն Սարգսյանը բոլոր ընտրողներին կոչ է արել անտարբեր չմնալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացին` անկախ քաղաքական նախասիրություններից: «Ամենավատ բանը, որ կարող եք անել, տանը մնալն է: Անպայման եկեք ընտրության եւ գիտակցված քվեարկեք այն քաղաքական ուժի օգտին, որի հետ կապում եք ձեր երկրի ապագան», - ասել է նա:
ՀՀԿ ցուցակի առաջատարը նաև նշել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անպատճառ ընտրություններին կմասնակցի: Միեւնույն ժամանակ, նա ձեռնպահ է մնացել նշելու այն ընտրատեղամասը, որտեղ քվեարկելու է Ս.Սարգսյանը:
Այսօր Հայաստանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների թիվը կազմում է 2,575,939 մարդ: Ժամը 8: 00-ից ամբողջ երկրում բացվել է ավելի քան 2000 ընտրատեղամաս, քվեարկությունը կավարտվի ժամը 20: 00-ին Ընտրությունները դիտարկում են 8 միջազգային եւ 22 տեղական կազմակերպություններ: Տեղական ԶԼՄ-ներից բացի ընտրությունները կլուսաբանեն 32 արտասահմանյան լրատվամիջոցներ: