Արմինֆո.Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
<Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ /ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է/, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։
Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնա-գրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։
Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում։
Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության և արժանապատվության>,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: Ավելի վաղ նույն դատարանը վերանայել էր Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել նրան՝ ելնելով այն փաստից, որ երկրորդ նախագահն օգտվում է սահմանադրական անձեռնմխելիությունից:
Սակայն, ՀՀ Գլխավոր դատախազության հայցի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը գործը վերադարձրել էր Վերաքննիչ դատարան՝ լրացուցիչ քննության: