Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները /Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա/ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համաձայնեցրել և հրապարակել են հայտարարություն, որում <հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու մտադրություն և վճռականություն է> հայտնվում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. < Միջնորդները դիմում են կողմերին՝ հորդորելով շարունակել երկկողմ պայմանավորվածությունների իրագործումը և հստակ քայլեր ձեռնարկել՝ իրենց քաղաքացիներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ>: Նրանք նաև կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել կառուցողական ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ և հույս հայտնում, որ երկու երկրների առաջնորդների միջև հանդիպումները կվերականգնվեն մոտ ապագայում:
Միջնորդները նաև ողջունում են շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի զգալի նվազումը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև զրույցից հետո:
Ընդգծելով, որ Մնացականյանի և Մամեդյարովի միջև տեղի ունեցած վերջին հանդիպումը անցել է դրական մթնոլորտում՝ միջնորդները հույս են հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ակտիվ արդյունքների միտված բանակցությունները շուտով կվերսկսվեն՝ հակամարտության արդար և տևական կարգավորումը գտնելու համար: Մինչ այդ, հայտարարության համաձայն, արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հերթական՝ արդեն չորորդ հանդիպումն անցկացնելու շուրջ: