Արմինֆո.Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում:
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա: Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում: Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին: Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները: Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ՚, - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: «Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ: Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը՚, - ասել է նա:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: «Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար: Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման և տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։ Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների և մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար: Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին՚, - ասել է Նիկոլ ՓԵաշինյանը: