Արմինֆո. Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձել են համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին և դրանց փոխադարձ սատարմանը:
Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձևաչափը, ինչը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջև ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:
Նախարարներն անդրադարձել են նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացի նախաձեռնությամբ ՀԱՊԿ շրջանակներում մեկնարկած խորհրդակցությունների ընթացքին: