Արմինֆո.«Եթե որևէ մեկը հայտարարում է պետական դավաճանության մասին և չի դիմում իրավապահ մարմիններին, ուրեմն նա շառլատան է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Շահնազարյանին պարզաբանումներ տալու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն կանչելու փաստը:
Հիշեցնենք, ՀՀ անվտանգության նախարարության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը երկու անգամ`նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն իրականացնում է «Արցախ իշխանության դիմաց» ծրագիրը, իսկ Սասուն Միքայելյանի խոսքերը, որ մայիսի թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան հաղթանակը, պետք է դիտարկվի այս քաղաքականության համատեքստում: «Ես խոստանում եմ, որ դուք դրանում կհամոզվեք: Շատ բաներ կան, բայց այսօր չեմ ներկայացնի բոլոր փաստերը, որոնք հաստատում են ներկայիս իշխանությունների հակաարցախյան քաղաքականությունը», - ասել է նա:
Ազգային անվտանգության ծառայությունն այդ այդ հայտարարություններում նկատեց «պետական դավաճանության հնարավոր տարրեր»: Դեկտեմբերի 5-ին Շահնազարյանին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի ներկայանա Ազգային անվտանգության ծառայություն և պարզաբանումներ ներկայացնի ըստ էության, ներկայացնի մեղադրական փաստերը, փաստաթղթեր և մյուս նյութերը: Բայց նախկին ՀՀՇ-ականը, ով անսպասելիորեն շրջվել էր ՀՀԿ-ի կողմը, հրաժարվեց «հրավերից», այն համարելով քաղաքական հետապնդում:
Փաշինյանի խոսքերով, Դավիթ Շահնազարյանը իշխանություններին մեղադրում է Արցախը հանձնելու մեջ: «Այսինքն, նա մեզ մեղադրում է Արցախի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, և, փաստորեն, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ», հայտարարել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նման հայտարարություններից հետո, բնական է, որ Ազգային անվտանգության ծառայությունը, պետք է պատրաստի նյութեր, և եթե պարզվի, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդ ձևով, ապա դավադիրները պետք է բացահայտվեն, հրապարակվեն և ենթարկվեն պատասխանատվության: Փաշինյանը նշել է, որ ինքը, որպես երկրի վարչապետ, պարտավոր է պահպանել ազգային շահերը: «Կա հայտարարություն, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է, կամ դավադրություն է պատրաստում, Արցախի դեմ, և դա պետական դավաճանության մեղադրանք է: Եթե որևէ մեկը հայտարարում է պետական դավաճանության մասին և չի դիմում իրավապահ մարմիններում, որպեսզի հայտնի հանցագործության մասին, ապա նա շառլատան է», - ասել է նա:
Փաշինյանը նաև ասել է, որ ընտրություններում ՀՀԿ-ի հետ մրցակցելու ոչ մի իմաստ չկա, քանի որ նա դուրս է քաղաքական օրակարգից, և դա պարզ կդառնա ընտրություններից անմիջապես հետո: «Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, բայց նա ընդդիմություն է Հայաստանի դեմ», - եզրափակել է Փաշինյանը: