Արմինֆո. Beeline-ի Ստարտափ Ինկուբատորի գրասենյակում մեկնարկել է Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարը/product bootcamp։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, ճամբարին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 45-ից ավելի թիմ, որոնք ներկայացնում էին տարբեր նորարար տեխնոլոգիական լուծումներ՝ առողջապահության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսաբանկային, սպասարկման և այլ ոլորտների համար։
Հիմնվելով թիմերի կողմից ներկայացված գաղափարների նորարարության և իրագործելիության, շուկայում հնարավոր պահանջարկի և թիմի կազմի վրա՝ ընտրվել են 10 թիմեր, որոնք նոյեմբերի 22-ին կայացած առաջին աշխատաժողովի ժամանակ աշխատել են Հայաստանյան տեխնոլոգիական համայնքը ներկայացնող տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում թիմերը սովորել են, թե ինչ է Business model canvas-ը և ինչպես այն պետք է պատրաստել, ինչպես նախագծել և կառուցել պրոդուկտի նախատիպը։
Այնուհետև, թիմերն ունեցել են անհատական հանդիպումներ բոլոր մենթորների հետ և քննարկել իրենց պրոդուկտի հնարավոր շուկան և օգտատերերին, փորձել ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները/features:
«Ուրախալի է տեսնել, այսքան մեծ հետաքրքրություն մեր ճամբարի հանդեպ։ Հետաքրքիր և հեռանկարային գաղափարների առատությունը և մասնակիցների ակտիվությունը շատ լավ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ու հենց դա է մեր ամենամեծ նպատակը։ Ես ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին և հաջողություն եմ մաղթում նրանց։ Վստահ եմ, որ այս մրցույթին մասնակցությունը շատ օգտակար փորձ կլինի նրանց համար, անկախ գրանցած արդյունքներից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մոտակա երկու շաբաթվա ընթացքում թիմերը կշարունակեն աշխատել իրենց կցված մենթորի հետ և պատրաստել պրոդուկտի առաջին նախատիպը, որն էլ կներկայացնեն դեկտեմբերի 5-ին կայանալիք դեմո օրվա ընթացքում։ «Հետագա շաբաթների ընթացքում մենք ավելի ինտենսիվ կաշխատենք թիմերի հետ պրոդուկտների արդեն առաջին նախատիպերի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի հստակ և պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին է լինելու իրենց պրոդուկտը»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված լավագույն երկու թիմերին կտրամադրվի 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: