Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայույթունը, պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել գործով մեղադրյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի բանկային հաշիվներում առկա՝ ընդհանուր 272.900 ԱՄՆ դոլար գումարի, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների, Կոտայքի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև շարժական գույքի վրա: «Բացի այդ, վերջինիս անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30.000 ԱՄՆ դոլար, 15.000 եվրո, թվով 31 հատ 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ և զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաև՝ ընդհանուր թվով 39 հատ տարբեր չափերի ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ: Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է հաղորդագրությունում: