Արմինֆո.Հակամարտության մեջ կարևորը Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածը երկրորդական են: Այդ մասին դեկտեմբերի 1-ին <Լազարևյան ակումբի> նիստում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղի է մտցնում գործընթացը, չէ որ Բաքուն պահանջում է <օկուպացված տարածքների>, այսինքն՝5-ից մինչեւ 7 շրջանի վերադարձը: Ասրբեջանը, դիվանագետի կարծիքով, <տարածքների ազատման> դիմաց պատրաստ չէ զիջումների: <Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն փաստացի դառնում է չլուծված հակամարտության կողմնակից>,- նշել է նա: Կազիմիրովն ընդգծել է նաև, որ
այդ հարցում առաջընթացի բացակայությունը ձեռնտու է Բաքվին՝ թույլ տալով միջադեպերի միջոցով հայրենասիրություն ցույց տալ և հրաժարվել համանախագահների առաջարկներից: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, փոխզիջումներ է փնտրում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ բացառելով հակամարտության ցանկացած ուժային կարգավորում:
Պատմական էքսկուրս կատարելով՝ Կազիմիրովն ընդգծել է, որ հակամարտությունն ունի երկու հիմնական առանձնահատկություն: Առաջիննն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավելի մեծ նախապատմություն ունի, քան այլ հակամարտությունները հետխորհրդային տարածքում: Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու 21 թվականի վիճահարույց որոշումը, հետագայում այս որոշումը վերանայելու փորձերը, և այնուհետև սկսված վերակառուցումը հնարավորություն տվեցին հայերին բարձրացնել ԼՂԻՄ-ի մասով ԽՍՀՄ-ի կառուցվածքի վերանայման հարցը: Արդյունքում հակամարտությունը քաղաքականից վերածվեց ռազմականի՝ երկու կողմի համար դաժան հետևանքներով: 1992 թվականից սկսած՝ Ռուսաստանն ու որոշ ժամանակ Իրանը միջնորդ դարձան կարգավորման գործընթացում, ապա միացավ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Երկրորդ առանձնահատկությունը հակամարտության անսովոր կոնֆիգուրացիան է: <Բանն այն է, որ բոլոր հակամարտություններում, որպես կանոն, երկու կողմ կա, այստեղ՝ երեք, քանի որ Արցախը հակամարտության կողմերից և մասնակիցներից մեկն է>,- ընդգծել է դիվանագետը՝ ընդգծելով բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ՝որպես կողմ, ներգրավվման կարևորությունը: