Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարությունը (BMZ) և Գերմանական զարգացման բանկը (KfW) հավելյալ 6,8 մլն եվրո կտրամադրեն Կովկասի բնության հիմնադրամին (CNF-ին):
Ինչպես տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, մինչ այդ Գերմանական զարգացման բանկը (KfW) Հայաստանին էր հատկացրել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված 23,2 մլն եվրո դրամաշնորհ։
Կովկասի բնության հիմնադրամին նպատակն է, Հայաստանում իրականացվող նպատակային ծրագրերի միջոցով, աջակցել Կովկասի յուրօրինակ բուսական ու կենդանական աշխարհի և էկոհամակարգերի պահպանությանը՝ ապագա սերունդների համար, ինչպես նաև նպաստել բնակչության կյանքի որակի բարելավմանը:
Միայն 2018 թվականին ԿԲՀ-ն մոտ 950 հազար եվրոյին համարժեք գումար է ներդրել պահպանվող տարածքներում կառավարման ու պահպանության ժամանակակից, նորարարական տեխնոլոգիաների ու լուծումների ներդրման, էկոտուրիզմի զարգացման խթանման ու կենսաբազմազանության մոնիթորինգի գործընթացներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի զարգացման KFW բանկի միջև կենսաբազմազանության պահպանման և կայուն տեղական զարգացման դրամաշնորհային ծրագրով Հայաստանին 23 մլն 208 հազար եվրո տրամադրելու մասին համաձայնագիրը:: Ինչպես նշել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, միջոցները կուղղվեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանմանը, այլև մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և տուրիզմի զարգացմանը: