Արմինֆո.Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին լրատվամիջոցների հրապարակումներին:
«Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով՚, - ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: