Արմինֆո. 2-3 ամսվա ընթացքում միջազգային հեղինակավոր փորձագետները կհրապարակեն «Ամուլսար՚ հանքավայրի մշակման նախագծի էկոլոգիական փորձաքննության արդյունքները: Նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նրա ասելով, նախագիծը կիրագործվի միայն այն դեպքում, եթե ապացուցվի դրա անվտանգությունը երկրի ջրային ավազանի համար:
Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագծի շրջանակում շինարարական աշխատանքներն այսօրվա դրությամբ կասեցված են: Դրա համար առիթ են ծառայել բնապահպան ակտիվիստների բողոքի գործողությունները, որոնք պնդում են, որ հանքավայրի գործարկումը կվնասի Ջերմուկ քաղաքի շրջակա միջավայրը:
Միևնույն ժամանակ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակումը կասեցրել է` այդ շրջանում Կարմիր գրքում գրանցված «Ապոլո՚ տեսակի թիթեռի և «Ոզնաթուփ մեխակ՚ տեսակի բույսի հայտնաբերման առնչությամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը Lydian Armenia ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցել ապօրինի լեռնային մշակումների համար: Հետագայում Բնապահպանության նախարարությունն անցկացված հետազոտությունների արդյունքում Կարմիր գրքում գրանցված մեխակներ և թիթեռներ չի հայտնաբերել: Միևնույն ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում առավել ծավալի ներրդում է եկել Ջերսիից (38 մլն դոլար), որտեղ գրանցված է Lydian International ընկերությունը:
Հավելենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա մեծ մամուլի ասուլիսում անդրադառնալով իր կառավարության ձեռքբերումներին և տապալումներին` գլխավոր ձախողումը համարել է լեռնարդյունահանման ոլորտի քաղաքականությունը: «Մեր քաղաքականությունը, որն, այնուամենայնիվ, բխում է ազգային շահերից, ստեղծում է որոշակի բացասական ֆոն ներդրումային քաղաքականության համար՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը, համոզմունք հայտնելով, որ այդ ֆոնը շուտով կվերանա: Այդ համատեքստում անդրադառնալով Ամուլսարի նախագծին` Փաշինյանը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ, Ամուլսարի հանքի շուրջ կառավարության կողմից բարձրացվող հարցերն օրինական են: «Մեր հարցը շատ կոնկրետ է. արդյոք կա վտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար, եթե կա, նշանակում է` ձեռնարկությունը պետք է փակվի: Եթե չկա, ապա մենք կաջակցենք նախագծի իրագործմանը: Հուսով եմ, որ այս հարցի վերաբերյալ մինչև գարուն կարող ենք կայացնել որոշում` հիմնված փաստերի վրա՚, - ասել է նա:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: