Արմինֆո. Հայաստանը բարձրացնում է ոչ միայն ՀԱՊԿ կանոնադրության, այլև կազմակերպությունում արմատավորված փորձի փոփոխման հարցը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա վերստին քննադատության է ենթարկել այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ ղեկավարների դռնփակ հանդիպման մանրամասները բացահայտել է մի երկրի դեսպանին, որը ոչ միայն կազմակերպության անդամ չէ, այլև անդամ պետություններից մեկի թշնամին է: Փաշինյանը նաև անընդունելի է համարել Մինսկի և Բաքվի զենքի գործարքները: «ՀԱՊԿ ներսում արմատացած այդ պրակտիկան անընդունելի է, և այն ենթակա է փոփոխման: Մենք կբարձրացնենք կազմակերպության կանոնադրության փոփոխման հարցը, եթե հասկանանք, որ խնդիրների արմատն այնտեղ է: Սակայն մենք, առաջին հերթին, պետք է պարզենք մեր հարաբերությունները գործընկերների հետ: Այլապես, ստացվում է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զինում է կազմակերպության անդամ չհանդիսացող մեկ այլ երկրի, որը պատերազմում է անդամ երկերի դեմ, սպառնում է գրոհել նրա մայրաքաղաքը: Այսինքն, ի՞նչ է ստացվում, որ ՀԱՊԿ գծով մեր գործընկերն օգնու՞մ է մեր թշնամի երկրին գրավել մեր մայրաքաղաքը՚, - հարց է տվել Փաշինյանը: Նրա ասելով, եթե Հայաստանի նախկին իշխանությունները լուռ հետևում էին իրավիճակի նման զարգացմանը, ներկա իշխանությունը մտադիր չէ դա հանդուրժել: «Մենք կպահանջենք բացատրություն և կստանանք այն՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու էին նախորդ իշխանությունները լռում այդ առնչույթյամբ, Փաշինյանն այսպես է բացատրել. «Նրանք կարծում էինք, որ եթե խոսեն, ապա կտուժեն իրենց բիզնեսներն այս կամ այն երկրում: Սակայն Հայաստանում իշխանության է են եկել նոր ուժեր, որոնք ոչ մի բիզնես չունեն և մտադիր չեն լռել՚, - ամփոփել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: