Արմինֆո.«Մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան. Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այլևս չեն լինելու»,- այս մասին այսօր Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությանը`Բելառուսի և Ղազախստանի արձագանքին:
«Պարզ ասում եմ՝ չի լինի այդպես: Մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք: Մենք հազարամյա պատմություն, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, գեներալների ժողովուրդ ենք: Մենք արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպը չունի»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հարաբերություններում Հայաստանն ի վիճակ է պահպանել և պաշտպանել իր շահերը:
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ հայտարարությամբ, որ կողմ է Հայաստանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը`որպես կազմակերպությունում նախագահող երկրի և գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով Բելառուսին անցնելուն: Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկեց ստեղծված իրավիճակը, պատմելով նրան փակ հանդիպման մանրամասները և աջակցելով Նազարբաևի դիրքորոշմանը: Ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից կպահանջի բացատրություն: Մինսկը, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազայի միջոցով Փաշինյանին մեղադրեց միջազգային արձանագրային նորմերը խախտելու մեջ: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատխազի տեղը: Փողոցային ժողովրդավարության նորմերն ընդունելի չեն միջազգային քաղաքականության մեջ»: Երևանն այս հայտարարությանն արձագանքեց պատգամավոր Ալեն Սիմոնյանի մակարդակով, ով ընդգծեց, որ Մինսկը չէ, որ պետք է Փաշինյանին դասավանդի միջազգային քաղաքականության կանոնները և նորմերը, քանի որ Մինսկն անընդհատ խախտում է դրանք: