Արմինֆո. <Մենք պետք է գործի դնենք մեր բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանը պահպանի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը>,- նոյեմբերի 19-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազի հայտարարությանը:
Պատգամավորը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչներն այդ հարցում պետք է պայքարեն մինչև վերջ, և բոլոր հարցերը լուծեն համատեղ՝ բանակցությունների ճանապարհով, չանձնավորելով: <Հայաստանի մոտեցումներն այդ հարցում արդարացված են: Կառույցի ձևաչափի համաձայն՝ բոլոր որոշումները պետք է ընդունվեն համատեղ, և մենք պետք է ապացուցենք, որ մեր դիրքորոշումը ճշմարիտ է>,- նշել է Ռուստամյանը: Պատգամավորը հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունը նուրբ արվեստ է, և յուրաքանչյուր հայտարարություն պետք է մտածված և կշռադատված լինի՝ դուրս չգալով կոռեկտության շրջանակներից: Ըստ որում, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները նույնպես հեռու էին համագործակցության ոգուց:
<Ծառուկյան դաշինք> խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ պետք չէ կենտրոնանակ բացառապես ներքաղաքական հարցերի վրա, անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ Հայաստանի 2019 թ. պետական բյուջեի նախագծին:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացասական է վերաբերել Մինսկի կողմից հնչած հայտարարությանը: Նա ընդգծել է, որ այնպիսի կառույցում, ինչպես ՀԱՊԿ-ն է, նման հռետորաբանությունն անընդունելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ հայտարարությունը վերաբերում է բարեկամ երկրին: <Ի սկզբանե դա մեր իշխանությունների բացթողումն էր: Տվյալ իրավիճակում անհրաժեշտ էր տեղեկացնել կառույցի անդամ երկրներին Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին>,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ իրավիճակը ձեռնտու չէ Հայաստանին, և հարկավոր է որքան հնարավոր է շուտ վերջ դնել այդ հռետորաբանությանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի առնչությամբ Ադրբեջանի դեսպանի հետ Բելառուսի նախագահի զրույցին՝ Բաղդասարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կապ չունի ՀԱՊԿ-ի հետ: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք ՀՀԿ կառավարման օրոք Հայաստանի նկատմամբ Բելառուսի բացասական վերաբերմունքի դրսևորումներ եղել են, Բաղդասարյանն ընդգծել է, որ, եթե անգամ դրանք եղել են, հրապարակային չեն դրսևորվել: Խմբակցության ղեկավարը նշել է, որ դեկտեմբերի 6-ին այդ հարցը կլուծվի, սակայն հազիվ թե քննարկումները բարեկամական մթնոլորտում ընթանան: Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը ՀԱՊԿ ներքին հարցերի քննարկմանն առնչվող իրավիճակին, հայտարարել էր, որ պետք է պարզաբանումներ պահանջի Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ նրանց դիրքորոշման առնչությամբ: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը լիազորված է պատժել կամ ներել՝ ընդգծելով, որ Փաշինյանը, ըստ երևույթին, չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոնները չեն գործում մեծ քաղաքականության մեջ: