Արմինֆո.Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չի, վարչապետ լինելը պատասխանատվություն է: Նոյեմբերի 19-ին այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունի քաղաքի 190-ամյակի առնչությամբ Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ժամանակ:
Փաշինյանի ասելով, հայերը միասին կերտել են նոր Հայաստան, և ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուրն իշխանություն է Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք շատ բարձր ինքնագնահատական ունեցող ժողովուրդ ենք, բայց նաև մեկ-մեկ քննադատում ենք ինքներս մեզ, մեկ-մեկ էլ շատ ենք քննադատում։ Տենց քննադատություն լսել եք չէ, որ ասում են՝ «էս երկրում երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախարար կա», և դա ասվում էր իբրև քննադատություն։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ես համարում եմ՝ այն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, դա ոչ թե թերություն է, այլ՝ առավելություն, դրա մեջ է ամբողջ իմաստը։ Երբ որ ասում ենք, որ «դուք Հայաստանի Հանրապետությունում այլևս իշխանություն եք», հենց դա նկատի ունենք, որովհետև, այո՛, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իմ պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետությունում երեք միլիոն վարչապետ կա և պետք է այդպես էլ լինի, որովհետև նոր ժամանակներում, նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չի, վարչապետ լինելը պատասխանատվություն է։ Եվ երբ որ ասում ենք, որ նոր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունեինք և, այո՛, Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է և մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք և շատ լուրջ գնահատենք։ Դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը
Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհդրարանական ընտրություններին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ամեն ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը։ «Հիմա դուք եք կայացնելու որոշում, և ձեզնից յուրաքանչյուրն այդ որոշման ողջ պատասխանատվությունը պետք է զգա։ Այո՛, ձեր մի քվեն որևէ մեկին տալով դուք վճռում եք ձեր երեխայի ճակատագիրը, որն այսօր ձայնի իրավունք չունի», - հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։