Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով կառույցի դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը Լոս Անջելեսում այցելել է նաև Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: Ավելի վաղ Սահակյանը հանդիպել էր հայ բարերարնեիր հետ: