Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:
ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաև Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի, 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Նշենք, որ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսի կազմակերպիչներն են Ղազախստանի Ազգային բանկը և Ղազախստանի ֆինանսիստների ասոցիացիան: Ղազախստանի ազգային արժույթի ներդրման 25-ամյակի տոնակատարության կապակցությամբ Կոնգրեսին հրավիրված են հյուրեր հեռավոր և մոտակա արտասահմանից, այդ թվում`կենտրոնական բանկերի ղեկավարներ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ: Կոնգրեսի շրջանակներում կքննարկվեն առևտրի, ներդրումային և ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման և խթանման, ինչպես նաև ժամանակակից պայմաններում ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված հարցեր: