Արմինֆո. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն
ամենահաջողվածը կլինեն անկախ Հայաստանի պատմության մեջ: Այդ մասին նա հայտարարել է առաջիկա ընտրությունների ֆինանսական աջակցության մասին Հայաստանի կառավարության և դոնորների միջև փաստաթղթի ստորագրմանը նախորդող ճեպազրույցի ժամանակ:
Դեսպանի խոսքով, ծրագիրը պատրաստվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, ինչը վկայում է դրա կարևորության մասին: <Վստահ ենք, որ դրանք կլինեն լավագույն ընտրություները>,- հայտարարել է դեսպանը՝ ավելացնելով, որ Գերմանիան 700 հազար եվրո է ներդնում ծրագրում:
Այսօր Երևանում մեկնարկել է <Հայաստանի ընտրական գործընթացների աջակցություն> ծրագիրը: Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները հատկացրել են, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն: Ֆինանսական աջակցությունը կուղղվի հիմնականում ընտրությունների տեխնիկական աջակցությանը և հմտությունների զարգացմանը: