Արմինֆո.Ստեփանծմինդա-Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենանաների համար։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Անցակետի ռուսական հատվածում կա բեռնատարների որոշակի հերթ (մոտ 500 մետր)։ Հիշեցնենք, որ անցակետի ռուսական հատվածում բեռնատարների կուտակում էր առաջացել նոյեմբերի 11-ի երկրորդ կեսից:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի իշխանությունները պայմանավորվել են «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառման շուրջ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանի ԱԳՆ-ն պայմանագիր էր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը կվերահսկի բեռնափոխադրումները Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթղթի համաձայն, այլընտրանքային ավտոճանապարհային միջանցքները կարող են օգտագործվել միայն ֆորս մաժորային իրավիճակներում: 2011 թ. նոյեմբերին շվեյցարական SGS ընկերությանը հանձնարարվել էր վերահսկել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հոսքը: