Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին պաշտոնական որոշում է կայացվել նախօրեին կուսակցության գործադիր մարմնի նիստում, որի ընթացքում կուսակցական ղեկավար մարմնի կազմում եղել են նաեւ մի շարք փոխատեղումներ:
Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը նաեւ գլխավորելու է կուսակցության համամասնական ցուցակը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանն ընտրություններին չեն մասնակցի: Սարգսյանը նաեւ կուսակիցներին խոստովանել է, որ 2019 թվականին նախատեսվող ՀՀԿ համագումարում ինքը հրաժարական կտա, եւ կընտրվի նոր նախագահ:
Փոխվել է նաև կուսակցության կանանց խորհրդի ղեկավարը. ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի փոխարեն այն կգլխավորի պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ճիշտ է` ավելի վաղ այդ պաշտոնն առաջարկվել էր փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին, բայց նա հրաժարվել է նման հեռանկարից:
Կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար, 43-ամյա Կարեն Ավագյանը ստիպված է եղել գործադիր մարմնում իր տեղը զիջել Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղդպրոցի տնօրեն Հայկ Մամամիչյանին:
Հայտնի են նաեւ կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը կազմող անունները: Առաջինը կլինի Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը ցուցակում կլինի ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, այնուհետեւ գալիս է փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Առաջին տասնյակում կլինեն նաև Կարինե Աճեմյանը եւ Հայկ Մամամիչյանը:
Ինչպես հայտարարել է արդեն ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, կուսակցությունը պատրաստ է արտահերթ ընտրություններին: Իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նույնիսկ, հայտարարել է, թե կուսակցությունը հավակնում է խորհրդարանում երկրորդ տեղին եւ ընտրողների ձայների 30 տոկոսին: Համամասնական ցուցակներում ընդգրկված, գործնականում, բոլոր թեկնածուներն իրենց ուժերը չափելու են ռեյտինգային ընտրակարգով: Ամենայն հավանականությամբ, բացառություն կկազմի Արփինե Հովհաննիսյանը, որը հրաժարվել է այդ հեռանկարից: