Արմինֆո.Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման էական ասպեկտների շուրջ փոխզիջման հասնելու կարևորագույն պայման է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նրա ասելով, կարճատև ընտրական դադարից հետո վերսկսվել են ինտենսիվ շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, արդյունավետ հանդիպում է կայացել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հարթակներում: Ընդ որում, մշտական ներկայացուցիչը փաստել է, որ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ` նվազում: «Կողմերին կոչ ենք անում լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը՚, - նշել է Լուկաշևիչը, ասվում է ԵԱՀԿ առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչության Twitter էջում զետեղված հաղորդագրությունում:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, թե, որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կենսունակ կարգավորման մշակման գործում հավաքական միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերն արժանի են բարձր գնահատականի և լիակատար աջակցության: