Արմինֆո. ԱՄՆ կողմից դրսևորվող ամենաթողությանը և բացարձակ կամայականությանն արդեն վաղուց անհրաժեշտ է վերջ դնել, պետք է ապրել միջազգային իրավունքի շրջանակներում, նոյեմբերի 9-ին Երևան-Մոսկվա-Տալլին տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ պատասխանելով Իրանի հարցում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հնարավոր ճնշման վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
<Ցանկացած ինքնիշխան պետություն, ինչպիսին Հայաստանն է, իրավունք ունի բարեկամություն անել և հարաբերություններ ունենալ այն երկրի հետ, որի հետ անհրաժեշտ է համարում: Եվ ոչ ոք չպետք է այս առումով որևէ մեկին հանդիմանի: Չեմ կարծում, թե Հայաստանը խիստ մտահոգվելու առիթ ունի, թեև ճնշումը շատ լուրջ կլինի, և հաշվի չառնել չի կարելի: Բայց այստեղ կա նաև Ռուսաստանը՝ վերջինիս աջակցությունը և խոսքը: Պետք է նաև դա հաշվի առնել>,- նշել է ռուսաստանցի սենատորը:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը: Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ նպատակ ունի զրոյի հասցնել Իրանից նավթի արտահանումը և դրա գնորդներին կոչ էր արել հրաժարվել գնումներից: Իրանի հետ փոխգործակցության առնչությամբ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր նաև այլ պետությունների, այդ թվում՝ Հայաստանին: