Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր՚ ընկերության հաշվին չի մեկնել Փարիզ: «Ուղևորությունն իրականացվել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին՚, - նոյեմբերի 8-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «… պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից՚։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար: Հաղորդվել էր, որ Գարեգին Բաղրամյանը ընկերության հաշվին Փարիզ մեկնած յոթ պաշտոնյաների թվում էր: Այժմ Բաղրամյանը գործով ներգրավված է որպես վկա:
էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի ասելով, «Վեոլիա ջուրի՚ նկատմամբ քրեական գործ է հարուցվել ընդամենը հաղորդման հիման վրա, և այսօր Ոստիկանությունը և ՀՔԾ-ն պարզում են գործի հանգամանքները: Իսկ Փարիզ ուղևորությունը եղել է փորձի փոխանակման ծրագրի շրջանակում: «Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Ինքը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը՚, - ասել է նախարարի պաշտոնակատարը: Նա հիմնավորված չի համարում մեղադրանքը, թե հենց ուղևորության արդյունքում է ՀԾԿՀ բարձրացրել ջրի սակագինը: «Կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական ակտերը և կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացվել է», - հայտարարել է Գարեգին Բաղրամյանը:
2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի միասնական օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունն ստանձնել է գործող հինգ օպերատորների` «Երևան ջուրի», «Հայջրմուղի», «Շիրակ ջրմուղի», «Լոռի ջրմուղի» և «Նոր ակունքի» գույքի կառավարումը: Միաժամանակ, հանրապետությունում սահմանվել է ջրի նոր սակագին. Երևանի բնակիչների համար այն 1 խմ դիմաց 170,256 դրամից բարձրացվել է մինչև 180 դրամ` ներառյան ԱԱՀ: 2018 թ.հունվարի 1–ից հերթական անգամ ՀԾԿՀ-ն ջրի սակագին բարձրացրեց մեկ խորանարդ մետրի դիմաց 180 դրամից մինչև 191,414 դրամ։