Արմինֆո. Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրինագծի նպատակն է ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն և առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին ՀՀ ոստիկանությունը հաղորդում էր տարածել «Յունիգրաֆ-Իքս՚ ընկերության չարաշահումների մասին, որը Երևանում թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ պետք է մատուցեր: «Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ: Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12«6 տոննա« ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:
Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ՚, - ասվում էր հաղորդագրությունում: