Արմինֆո.Հանրապետական կուսակցությունն ունի բոլոր շանսերը՝ պայքարելու խորհրդարանում երկրորդ տեղի համար, լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով <Ելք> դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով հայտարարել է, որ ՀՀԿ-ն նոր խորհրդարան չի անցնի:
Նա նշել է, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ունեն արժանի կադրային ներուժ, և իրենք լիովին կարող են երկրորդ տեղն զբաղեցնել: Շարմազանովը նշել է նաև, որ այսօր ՀՀԿ-ն միակ այլընտրանքային ուժն է Փաշինյանին: <Եթե ոչ մենք, ապա ո՞վ է այսօր ընդդիմություն. <Ծառուկյան դաշինքը>, ով առաջին իսկ օրից Փաշինյանին է գովերգում, թե՞ Էդմոն Մարուքյանի կուսակցությունը կամ ՀՅԴ-ն, ովքեր մեկ մի բան, մեկ այլ բան են ասում: Կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում պետք է լինի այլընտրանք իշխանությանը և պետք է լինի այլընտրանքյաին կարծիք, և այդ կարծիքն այսօր ունենք միայն մենք: Մեր օգտին կքվեարկեն մեր ընտրողները, թող ոչ ոք նույնիսկ չկասկածի դրանում>,- ընդգծել է փոխխոսնակը:
Այն հարցին, թե ինչու պետք է ընտրեն ՀՀԿ-ին՝ Շարմազանովը հայտարարել է. <Քանի որ Իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11%-ով նվազել են, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ինչով բոլորն այդքան հպարտանում էին, նախաձեռնվել է մեր կողմից, Մերկելի Հայաստան այցը նույնպես ծրագրվել է մեր կառավարման ժամանակ: ՀԱՊԿ-ում մենք ունեինք գլխավոր քարտուղար, դրան հասել ենք մենք, մենք ենք ստորագրել ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, ինչպես նաև ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Մեր կառավարման օրոք շուրջ 10 երկիր ճանաչեց Ցեղասպանությունը, այդ թվում՝ Գերմանիան, որը միշտ Թուրքիայի դաշնակիցն է հանդիսացել>,- ընդգծել է փոխխոսնակը՝ ավելացնելով, որ կառավարությունն ապահովել է 9% տնտեսական աճ: