Արմինֆո.Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ունի հարկային վարչարարության հստակ գործիքներ, որոնք կիրառելի են բոլոր հարկատուների նկատմամբ, որոնց շարքում կարող են լինել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող ընկերությունները:
Այս մասին նոյեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Երևանում մեկնարկած երկօրյա տարածաշրջանային չորրորդ հանդիպման շրջանակներում, որը նվիրված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) երկրներում BEPS-ի (Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը) իրագործման համապարփակ համակարգի:
Նրա խոսքով, այս փուլում ինքը ձեռնպահ կմնա ստուգումներից ստացված տեղեկությունների տրամադրումից: «Այս պահի դրությամբ ես չեմ կարող բացահայտել այդ ստուգումների մասին տեղեկատվությունը, քանի որ դա անելով, ես կվնասեմ կատարված աշխատանքներին», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց ՀՀ գլխավոր հարկայինը, ՊԵԿ- ն իրավական գնահատականներ է տալիս հարկատուների վարքագծին, այլ ոչ թե նախկին կամ ներկայիս պաշտոնյաների օֆշորային միջոցների հայտնաբերմանը`հանրապետության հարկային եկամուտների հնարավոր ռիսկերը բացահայտելու տեսանկյունից:
Ինչ վերաբերում է ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ, ապա, ըստ Դավիթ Անանյանի, ներկայումս ՊԵԿ-ի կողմից Ավետիսյանին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ միջոցառումներ կամ հետազոտություններ չեն կատարվում:-