Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ նիստի ընթացքում կքննարկվի նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը: Շրջանառվող լուրերի համաձայն, ՀԱՊԿ նախագահությունը, հնարավոր է, անցնի Բելառուսին: Մինսկն առայժմ այդ տղեկատեվությունը չի մեկնաբանում: Այդուհանդերձ, նախօրեին Հայաստանի ՊՆ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե իր համար սկզբունքային է Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանման հարցը: Այդ առումով նշված պաշտոնի համար շրջանառվում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Սակայն, Երևանն էլ առայժմ չի մեկնաբանում տեղեկատվությունը: