Արմինֆո.Ադրբեջանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության շուրջ առարկայական բանակցությունները, որոնց նպատակն է սկսել խնդրի փուլային կարգավորման գործընթացը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով հարցին, թե նախապատրաստվում է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը և հնարավոր են արդյոք շփումներ մինչև տարեվերջ:
«Ավելին, եթե հետևեք վերջին շրջանում անցկացված բանակցությունների ընթացքին, ապա կնկատեք, որ հենց Բաքուն է բազմիցս հայտարարել երկխոսության առաջխաղացման կարևորության մասին, ինչը միտված է արդյունքի՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դադարեցում, հարկադիր վերաբնակների վերադարձի համար պայմանների ստեղծում, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզ բնակչության համար ինքվարության լայն իրավունքների հետագա ապահովում>,- ասել է Մամեդյարովը:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցը ցույց է տալիս բովանդակալից բանակցություններին Ադրբեջանի պատրաստակամությունը: <Ցավոք, Երևանում իշխանափոխությունը և քաղաքական տուրբուլենտությունը որոշ չափով արգելակել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ժամնակներս կկարողանա բանակցային գործընթացի շարունակման քաղաքական կամք դրսևորել՝ գոյություն ունեցող ձևաչափի և հայտնի օրակարգի շրջանակներում>,- ասել է Մամեդյարովը: