Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆո Ջուլիանին Հայոց ցեղասպանությունը համարում է պատմական փաստ: Այսօր Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր այցելության ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ջուլիանին, մասնավորապես, ասել է. Կարծում եմ, որ դա պատմական փաստ է: Սակայն ես այստեղ եմ գտնվում այլ կարգավիճակով` մասնավոր այցով՚:
Նա հատկապես ընդգծել է իր այցի մասնավոր կարգավիճակը և ցանկություն է հայտնել ծանոթանալու հայ-ամերիկյան հարաբերությունների որոշ փաստերի: Խորհրդականը նաև շտապել է հավելել, որ Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը երկու երկրների կառավարությունների իրավասությունում է: Ջուլիանին նաև ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում:
Ուշագրավ է, որ Ջուլիանին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ծաղիկներ է դրել հուշահամալիրում, սակայն չի իջել Անմար կրակի մոտ` պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Հուշահամալիրի զբոսայգում Ջուլիանին եղևնի է տնկել: