Արմինֆո.Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունեց Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:
Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն էր ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից:
Վարագ Սիսեռյանը նշել է, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքսե խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:
Վարագ Սիսեռյանը նաև հավելել է, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները հավատում են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքսե խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպման՝ իրենց համար դրական արդյունքին: Այսօր, ինչպես նշել է Դուլգարյանը, կոմբինատի աշխատանքի դադարեցման վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն չկա: Մի քանի օր առաջ գործարանի ղեկավարություն, առանց նախօրոք նախազգուշացնելու աշխատակիցներին, հայտարարել էր, որ կոմբինատը տեխնիկապես այլևս չի աշխատում: Տվյալ պահին քննարկվում է ձեռնարկության աշխատանքի դադարեցման երկու պատճառ՝ էկոլոգիական և ֆինանսական, բայց դրանցից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատվել ձեռնարկության ղեկավարության կողմից: <Դեռ հոկտեմբերի 1-ին հանրային լսումների ժամանակ ես հարցրեցի ձեռնարկության ղեկավարությունից, թե արդյոք ձեռնարկությունը կարող է անցնել ՎՏԲ Բանկի սեփականությանը, ինչին իրեն բացասական պատասխան են տվել, բայց արդեն հոկտեմբերի 8-ին ակնհայտ դարձավ, որ նման ռիսկեր կան՝ նկատի ունենալով, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ գործարանն արդեն անցել է բանկի սեփականությանը: Այնպես որ՝ այդ գործում շատ անորոշություններ կան>,- հայտարարել է նա: Դուլգարյանի խոսքով, հատկանշական է այն, որ Ալավերդիի շատ բնակիչներ, ովքեր ավելի վաղ հանդես էին գալիս բնապահպանական նորմերի պահպանման օգտին, այսօր պատրաստ են ժամանակավորապես մոռանալ այդ մասին, միայն թե ձեռնարկության աշխատակիցները չկորցնեն աշխատանքը: Ինչ վերաբերում է կոմբինատի աշխատակիցների դիրքորոշմանը, նախաձեռնության անդամի խոսքով, նրանց պահանջն այսօր խիստ սոցիալական է՝ չկորցնել աշխատանքը, որպեսզի կարողանան կերակրեն իրենց ընտանիքները: Թե ինչ բնապահպանական հետևանքներվ է դա հղի կամ ով կղեկավարի ձեռնարկությունը, իրենց համար երկրորդական նշանակություն ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շրջակա միջավայրի պահպանության պետական տեսչությունը կոմբինատին տուգանել է 380 միլիոն դրամով (700 հազար դոլար)՝ 2005 թվականին ընդունված բնապահպանական օրենսդրության լուրջ խախտումների պատճառով: Գործարանի ղեկավար Լուսինե Մեջլումյանը վերջերս հաղորդել է, որ բնապահպանական տեսչությունների պահանջների կատարումը գործնականորեն օրակարգի մեջ է մտցնում գործարանի փակման հարցը: Խնդիրն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ձեռնարկության գույքային համալիրն ապահովված է ավելի քան 500 մլն դոլարի վարկի միջոցով, որը նախկինում ստացվել է ՎՏԲ Բանկից, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի զարգացման համար, որի շահագործումը նույնպես մեկ տարի առաջ դադարեցվել էր բնապահպանական խնդիրների պատճառով, օտարերկրյա համաֆինանսավորման կասեցման հետևանքով: Նման պայմաններում ՎՏԲ-ի վարկի սպասարկումը դառնում է ձեռնարկության համար չափազանց ոչ շահավետ, իսկ Ալավերդու գործարանի եկամտաբերության մակարդակի լուրջ անկումը, ըստ էության, կարող է հանգեցնել նրա սնանկացմանը:
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին: Ձեռնարկության արդիականացումը չափազանց բարդ է և անարդյունավետ: Երկրի ներսում պղնձի հումքի վերամշակման խնդրի լուծումներից մեկը միջին հզորության նոր կայանի կառուցումն է, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում չինացի ներդրողները: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, այս տարվա հուլիսի 12-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, ապահովելու համար պետական օժանդակությունը նոր պղնձաձուլական գործարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների, «Արմենիան Քափր փրոգրամ» ՓԲԸ շրջանակներում, որը հանդիսանում է «Վալլեքս» խմբի անդամ: Նախնական գնահատականներով, ձեռնարկության ներդրումային արժեքը կկազմի մոտ 80 մլն դոլար, որում ընդգրկված են 4 նախարարությունների ներկայացուցիչներ` տնտեսական զարգացման և ներդրումների, էկոլոգիայի, ֆինանսների, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարությունները: Ձեռնարկության աշխատանքը թույլ կտա Հայաստանում ստանալ մաքուր պղինձ, որի շնորհիվ երկրում հնարավոր կլինի առնվազն մասամբ վերականգնել տարբեր արտադրատեսակների արտադրությունը: