Արմինֆո. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ կրքերը թեժանում են. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեղադրում է նենգադուլի և սադրանքների համար:
Բանն այն է, որ ԱՕԿ ղեկավարությունը, չկարողանալով պաշտոնից հեռացնել ֆեդերացիայի ղեկավար Արթուր Գևորգյանին, զուգահեռ ստեղծել է երկրորդ ֆեդերացիա, որում հավաքել է Գևորգյանի գործունեությունից դժգոհ մարզիկների:
Երեկ ուշ երեկոյան այդ մարզիկնները, ի նշան բողոքի, փակել էին Աբովյան փողոցը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի դիմաց: Կրքերը հանդարտեցնելու համար նախարար Գաբրիել Ղազարյանը պայմանավորվել է մարզկների և ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հանդիպման շուրջ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ինքը` Գևորգյանը, հանդիպումը կայացել է, սակայն, ինչպես և ակնկալվում էր, առանց ըմբոստացած մարզիկների: «Հանդիպմանը միայն նախարար Ղազարյանն ու ես էինք: Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել այն մասին, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական հունում: Սակայն, հետագայում նախարարը խախտեց մեր պայմանավորվածությունը և հանդես եկավ հանդիպման արդյունքի վերաբերյալ բոլորովին այլ հայտարարությամբ: Ստեղծված իրավիճակից կարելի է անել երկու միանշանակ հետևություն. «ըմբոստացած՚ մարզիկներին կառավարում է անձամբ ԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ցանկանում է իր ձեռքը վերցնել Հայաստանի վերջին անկախ սպորտային ֆեդերացիան, իսկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ինչպես և նախկինում, որպես լիովին նրա իշխանության տակ գտնվող կառույց, աջակցում է Ծառուկյանի ծրագրերի իրագործմանը՚, - հայտարարել է Գևորգյանը` Ծառուկյանին մեղադրելով նենգադուլի և սադրանքների համար:
Գևորգյանի ասելով, ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում սադրանքների ճանապարհով «իր՚ մարդուն նշանակելու նպատակով Ծառուկյանը փորձում է հասնել արտահերթ ընտրությունների անցկացման: «Մինչդեռ, ֆեդերացիայի ղեկավարի հերթական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 2-ին, AIBA-ն հաստատել է դրանց արդյունքները. Նրա կողմից ոչ մի առարկություն չի եղել: Հետևաբար, ֆեդերացիայի ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման համար ոչ մի իրավական հիմք չկա: Իսկ եթե որևէ մեկն, այնուամենայնիվ, համաձայն չէ ընտրությունների արդյունքներին, ապա Ֆեդերացիայի կանոնադրությունը նախատեսում է ելքեր նաև նման դեպքերում. ընտրությունների արդյունքները չընդունող անձը կամ անձինք կարող են դրանք բողոքարկել դատական կարգով: Այսինքն, բոլորովին անհասկանալի է, թե ԱՕԿ-ը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ինչու են փորձում խնդիրը լուծել` շրջանցելով օրինական ճանապարհները՚, - հայտարարել է Գևորգյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն, իր հերթին, հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (հոդված 37) համապատասխան ՀՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՚: -գ-