Արմինֆո. Պաշտոնական Բաքուն քննադատել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը ռուսաստանցի մի խումբ կանանց Արցախ այցի վերաբերյալ, որը նախաձեռնել էր Հայաստանի վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը:
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, տարակուսանք է հայտվում վերը նշված այցի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության մեկնաբանությունում տեղ գտած «հակամարտության բոլոր կողմեր՚ արտահայտության առնչությամբ, քանի որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի` Ռուսաստանի ԱԳՆ-ն հիանալի իրազեկված է, որ գոյություն ունի հակամարտության երկու կողմ` Հայաստան և Ադրբեջան՚: «Այժմ հենց այդ ձևաչափով են բանակցություններ վարվում` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՚, - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ վերջերս ռուսաստանցի կանանց խմբի Արցախ այցի կազմակերպիչներն ԱԳՆ չէին դիմել, ուստի դժվար է դատել նրանց մտահղացման մասին: «Սկզբունքային առումով ելնում ենք այն բանից, որ նման միջոցառումների հաջողության համար կարևոր է հակամարտության բոլոր կողմերի ըմբռնումն ու աջակցությունը՚, - ասել էին Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ իր «սև ցուցակում՚ է ներառել Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի փախնախագահ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային և բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերին, ովքեր հոկտեմբերի 10-ին Աննա Հակոբյանի հրավերով այցելել էին Արցախ` «Կանայք հանուն խաղաղության՚ միջոցառման շրջանակում: