Արմինֆո.Ոստիկանապետի պաշտոնակատարը խոստանում է «աննախադեպ՚ վերահսկողություն իրականացնել խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Օսիպյանը հայտարարել է լրագրողներին:
Նրա ասելով, դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ոստիկանությունը խիստ է լինելու օինախախտների հանդեպ` անկախ նրանց կարգավիճակից և դիրքից: Օսիպյանի հավաստմամբ, Ոստիկանությունը պատրաստ է «գերազանց՚ անցկացնել խորհրդարանի ընտրությունները: «Այդ առնչությամբ կկիրառվեն նոր մոտեցումներ, թե հատկապես ինչպիսի` այսօր չեմ ասի՚, - հայտարարել է նա, հավելելով, որ ընտրություններում ուռճացված ցուցակներ չեն լինելու:
Ինչպես նշել է իրավապահ մարմնի ղեկավարը, Ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրադրությանը հանրապետությունում, և այս պահին անհանգստանալու առիթ չկա: Նա նաև բացառել է հակահեղափոխական ուժերի աշխուժացման հնարավորությունը:
Ինչպես նշել է ոստիկանապետը, հնարավոր է, համակարգում նախկինում եղել են բացթողումներ, սակայն այսօր Ոստիկանությունը, միանշանակ, փոխվել է դեպի լավը: Նրա ասելով, ոմանք փորձում են սևացնել ոստիկանությանը, այդպիսիք շատ չեն, սակայն ինքը` որպես Հայաստանի ոստիկանապետի պաշտոնակատար, գոհ է յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքից: Օսիպյանի կարծիքով, այդ են հաստատում ոչ միայն Երևանի ավագանու գերազանց անցկացված ընտրությունները, այլև` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: «Միայն պրոֆեսիոնալ և ուժեղ ոստիկանությունը կարող է նման աշխատանք տանել՚, - հայտարարել է նա: