Արմինֆո. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կոչ է արել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցը պրագմատիկ տեսանկյունից դիտարկել:
<Այդ հարցերին պետք է պրագմատիկ վերաբերենք: Հայաստանում կանցկացվի, թե՞ որևէ այլ տեղ, որևէ խնդիր դրանում չեմ տեսնում>,- կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Մնացականյանը:
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը լրագրողներին հայտարարել էր, որ ՀԱՊԿ ԽՎ Միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումը որոշվել է տեղափոխել: <Կանցկացնենք այն հոկտեմբերի 29-30-ին Մոսկվայում, այլ ոչ թե՝ Հայաստանում>,- ասել է Կալաշնիկովը: <Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա, դա կարող է լինել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակն այդպես ծավալվի, ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական>, -ասել է հանձնաժողովի ղեկավարը: Այդ պատճառով, ինչպես նշել է Կալաշնիկովը, ՀԱՊԿ ԽՎ-ն <կարելի է հանգիստ անցկացնել Մոսկվայում>: <Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, մենք կաշխատենք թե գործող պատգամավորների, թե գործող վարչապետի հետ>, - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին: Ժողովրդին հղած իր ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ իր հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետևյալն է. իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է և Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում՚, - ասվում է վարչապետի ուղերձում: