Արմինֆո. Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, որը հանրապետության կառավարությունը պետք է օգտագործի արդյունավետ աշխատանքի համար՝ առկա բոլոր մարտահրավերների հաջող հաղթահարման նպատակով: Այդ մասին հոկտեմբերի 18-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ ընթացքում պետական կառավարման համակարգը ոչ մի կերպ չպետք է ներգրավվի նախընտրական գործընթացներում: <Լավ ժամանակաշրջան է աշխատելու համար առավել հանգիստ պայմաններում, և հույս ունեմ պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված, այս ժամանակահատվածը կօգտագործի կառուցողական նպատակներով>,- ասել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է նոր Հարկային օրենսգրքի մշակմանը՝ կոչ անելով համապատասխան կառույցներին համագործակցել բիզնեսի հետ, որպեսզի նոր փաստաթուղթն ընդունելի և հասկանալի լինի բոլորի համար:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հայտարարեց իր հրաժարականի մասին: Ժողովրդին հղած իր ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ իր հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետևյալն է. իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է և Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում՚, - ասվում է վարչապետի ուղերձում: