Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործով միջնորդություն է ներկայացրել՝ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:
<Միջնորդությունը Քննչական կոմիտե է ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը: Կարծում եմ՝ դատավարական կարգավիճակի ճանաչումն իրավաչափ կլինի, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը>-հայտարարել է Խուդոյանը: Նշենք, որ համացանցում հայտնվել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում նրանք քննարկում են 2008 թ. մարտի 1-ի գործը, և այդ համատեքստում Քոչարյանի ձերբակալման անհրաժեշտությունը: ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է, որ գաղտնալսման պատվիրատուն բացահայտված է և հանրությանը լայն հայտնի է: