Արմինֆո. Տարածքների որևէ վերադարձի մասին խոսք անգամ չի կարող լինել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան <օկուպացված տարածքների վերադարձի> վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության:
Նրա խոսքով, Միլսի հայտարարությունն անհրաժեշտ է բաժանել երկու բաղադրիչի: Առաջինը, Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, անձնական բնույթ է կրում, քանի որ այլ բացատրություն դրան չկա: Արցախի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով, նման նախադեպեր արդեն եղել են, օրինակ՝ Մեթյու Բրայզան /ԱՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան/: <Պետք է չէ հետո ինչ-որ կերպ ապրի: Հնարավոր են նրա հետագա աշխատանքի տեղավորման ամենատարբեր սցենարներ>,- ասել է նա:
Երկրորդ, Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Միլսի այդ հայտարարությունը շատ տարօրինակ է: Նա հիշեցրել է, որ բազմիցս հայտարարվել և ընդգծվել է, որ համանախագահող երկրները դատավորներ չեն, չկա կարգավորման այս կամ այն տարբերակին հակվելու պարտադրանք, նրանք ընդամենը կատարում են միջնորդական առաքելություն: <Ո՞վ է որոշում, որ կարգավորումն անայլընտրանքային է և ենթադրում է տարածքների վերադարձ: Եվ ինչո՞ւ, օրինակ, նման հայտարարությամբ հանդես չի գալիս Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք չունենք <օկուպացված տարածքներ>, քանի որ ի սկզբանե մենք որևէ տարածք զավթելու հարց չենք դրել մեր առաջ, մենք մեկ նպատակ ունեինք՝ վերամիավորում Մայր Հայաստանի հետ>,- ասել է նա:
Բաբայանը հերթական անգամ ընդգծել է, որ այսօր խոսք անգամ չի կարող լինել տարածքների մասին, կարող է լինել միայն սահմանների հարցը, ինչն ինքնին ավելի լայն հասկացություն է: <Ուզում եք լուծել սահմանների հարցը, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում: Բայց կուզեի ևս մեկ անգամ ընդգծել, որ վերադարձ անցյալին չի կարող լինել՝ ոչ կարգավիճակի, ոչ տարածքների տեսակետից: Այստեղ այդ տարածքներում բնակվող մարդկանց անվտանգության հարցն է>,- ընդգծել է Բաբայանը:
Ճշգրտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ պաշտոնական Ստեփանակերտը հանդես է գալիս Մադրիդյան սկզբունքների դեմ՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ԼՂՀ-ն այդ գործընթացների մասնակից չէ, թեև բազմիցս ընդգծվել է, որ առանց իր մասնակցությն հնարավոր չէ հակամարտության ամբողջական և համապարփակ լուծումը: <Մենք պետք է ներգրավված լինենք բանակցությունների բոլոր փուլերում: Միայն այդ դեպքում մենք կարող ենք քաղաքական և իրավական գնահատական տալ կարգավորման շուրջ գործընթացներին: Եվ ինչ է նշանակում դեսպանի այդ անհասկանալի բանաձևը՝ <հող՝ խաղաղության դիմաց>, խաղաղության դիմաց կարող է լինել միայն խաղաղություն, և ոչ ավելին: Տարածքների վերադարձի մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա մեր անվտանգության հարցն է: Խոցելի դարձնել մեր անվտանգույթունը՝ ահաբեկիչների դատարկ խոստումների փոխարեն. մենք, ինչ է, աննորմա՞լ ենք>,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN-ի հետ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին մասին, նա շեշտադրում է կատարել «օկուպացված տարածքները՚ վերադարձնելու անհրաժեշտությանը: «Հակամարտության կարգավորումն անհնար է առանց օկուպացված տարածքների որոշակի մասը վերադարձնելու: Օկուպացված տարածքները վերադարձնելու հարցը մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերից մեկն է՚, ասել է դիվանագետը: Նա տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում այդ թեմայի շուրջ, գործնականում, հանրային քննարկում չկա: «Երբ ես նոր էի ժամանել Հայաստան, ապա հայտնաբերեցի, որ հայերի մեծ մասը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին: Ինձ թվում է, որ մենք հետ քայլ ենք կատարում: Իմ կառավարությունը տարիներ շարունակ կարծել է, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել են հետագայում «հող` խաղաղության դիմաց՚ բանաձևի շրջանակում օգտագործելու նպատակով: Ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այդ բանաձևը Հայաստանում հանրային աջակցություն չի գտնում՚, - հայտարարել է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի ամրապնդեց հայերի այդ դիրքորոշումը: «Այժմ ավելի դժվար է լինելու հարցի լուծումը, սակայն դաժան իրականությունն այն է, որ ամեն մի կարգավորում պահանջում է օկուպացված տարածքների որոշակի մասի վերադարձ՚, - ընդգծել է դիվանագետը: Նա նաև կարծիք է հայտնել, որ ստատուս-քվոն այլևս չի բխում Հայաստանի շահերից, քանզի փակ սահմանների և սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսների պայմաններում կոռուպցիոն ռիսկերը մեծանում են: «Կոռուպցիան ծնվում և բարգավաճում է ոչ այն պատճառով, որ մարդիկ վատն են, այլ` որովհետև դրա համար կան համապատասխան պայմաններ՚, - նշել է ԱՄՆ դիվանագետը: